четверг, 21 октября 2010 г.

PR ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ԿԶԲԱՂՎԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ PR-ՈՎ

Ինչ նկատի ունեի՞ր Պուշկին ջան
            Այս տարի` նոյեմբերի 26-ին Մինսկում առաջին անգամ կանցկացվի "Բելառուսի Հանրապետության իմիջը" խորագրով միջազգային ֆորում, որին կմասնակցեն Բելառուսական և արտասահմանյան լավագույն PR մասնագետները: PR ֆորումի կազմակերպիչները նշում են, որ ֆորումի նպատակն է Բելառուսի դրական իմիջի մշակումը ամենատարբեր ոլորտներում` տնտեսություն, մշակույթ, տուրիզմ և այլն:

            Բացի ֆորումից, որին պետք է հետևեն կոնկրետ քայլերը, հայտարարվելու է նաև բաց փիար մրցույթ, որին կարող են մասնակցել ինչպես PR կազմակերպությունները, այնպես էլ անհատ PR խորհրդատուները: Մրցույթի նպատակն է գտնել Բելառուսիան արտաքին աշխարհին լավագույնս ներկայացնելու արդյունավետ մեխանիզմներ: Մրցույթի հիմնական անվանակարգերն են` "Բելառուս", "Քաղաքներ և ռեգիոններ", "Տուրիզմ", "Ֆինանսներ և ներդրումներ", "Սպառողական ապրանքներ", "Արդյունաբերական ապրանքներ", "Տրանսպորտ և լոգիստիկա":
            Ֆորումի կազմակերպիչները հավատացնում են, որ ջանք չեն խնայելու Բելառուսի PR-ով և իմիջով զբաղվելու համար և այս նպատակի համար գործի են դնելու անգամ իրենց սփյուռքի ռեսուրսները:
            ԱՄՈԹ,  ՀԱԶԱՐ  ԱՄՈԹ...
            Մեծ երկիր եք, Եվրոպա... բա տենց բան կանեն: Մեծ-մեծ խոսում եք. "Ջանք չենք խնայելու...", ի՞նչ ջանքի մասին է խոսքը. PR-ի համար էլ ջանք կգործադրե՞ն: Դրա համար վատ չէր լինի մի քիչ Հայաստանից տեղյակ լինեիք: Համ Եվրոպա չենք, համ էլ Ձեզանից մի քանի անգամ փոքր ենք, բայց հաջողացրել ենք էնպես անել, որ մեր PR-ով ոչ թե մի քանի PR-շիկ զբաղվեն, այլ երկու առանձին պետություն` Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք էլ զբաղվում են. ճիշտ է մի քիչ սև է ստացվում իրենց PR-ը, բայց փոխարենն անվճար է, ճիշտ է մի քիչ ողբերգական հետևանքներ կարող է ունենալ մեր երկրի հեղինակության համար, բայց գոնե ավելորդ ժամանակ չենք վատնում նման երկրորդական հարցերի վրա: Ընդհանրապես մեզ մոտ նմանօրինակ երկրորդական հարցերով մենք չենք զբաղվում. "Եթե կարան մեր փոխարեն ուրիշներն անեն, խի մենք անենք":
            Թե չէ ամբողջ երկիրը խառնել եք իրար. էլ առևտրի նախարարություն եք ներգրավել, էլ մշակույթի նախարարություն, էլ հսկայական ֆինանսներ, էլ ներսի ու դրսի փորձառու PR մասնագետներ... Ու ինչի՞ համար, որ ուրիշ ազգերի ներկայացուցիչները Ձեր երկրի, Ձեր արտադրանքի ու Ձեր մասին դրական կարծիք կազմե՞ն: Միամիտներ. այ օրինակ մենք թքած ունենք միջազգային հասարակական կարծիքի վրա: Թող ադրբեջանցիները Photoshop-ի օգնությամբ մեր խաչքարերի իրական ծագումը կեղծեն կամ ասենք պնդեն, որ քոչվոր հայերն այսօր բնակվում են ադրբեջանի պատմական հայրենիքի տարածքում: Մեր մյուս "ինֆորմացիոն հովանավոր" թուրքերն էլ իրենց բոլոր տուրիստական ուղեցույցներում սիրով նշում են, որ իրենց տարածքում գտնվող կիսավեր եկեղեցիները վրացական մշակույթի փայլուն նմուշներ են:
            Հա, ի դեպ վրացիներնել Ձեր խելքից են հարգելի Բելառուսներ: Նրանք էլ PR-ով զբաղվում. որոշել են իրենց սեփական "Էյֆելյան աշտարակը" կառուցել` վրացական այբուբենի աշտարակը: Իրոք, որ պարապ են մնացել: Չնայած, ասել թե վրացիները պարապ են սխալ կլինի, նրանք միշտ էլ մի զբաղմունք գտնում են: Ազատ ժամանակ, օրինակ, Ջավախքի հայկական եկեղեցիներից "զուբիլով" ջնջում են հայկական այբուբենի հետքերը:
            Եթե այսքանից հետո էլ Ձեր PR-ից հեռու գլուխները չմտավ թե որքան մենք թքած ունենք ուրիշների կարծիքների վրա, ապա կարող եք youtube կայքում Ձեզ ծանոթ ռուսերենով գրել "Մեծերը հայերի մասին" (великие люди об армянах) և հիացմունքը մի քանի ամիս չի լքի Ձեզ: Դուք կհասկանաք, որ իրականում այնքան էլ դժվար չէ կորցնել այն, ինչ դարերով ձեռք են բերել պապերդ:

            P.S. Հայաստանը և հայկականը վաղուց արդեն` մոտ 20 տարի, "Շտապ PR Օգնության" կարիք ունեն: Այս ընթացքում մենք հաղթանակ ենք տարել միայն մի ճակատամարտում, սակայն պատերազմը դեռ ակնհայտորեն շարունակվում է: Եվ թեկուզ այս անգամ ճակատամարտի դաշտը մի փոքր աներևույթ է թվում, բայց պարտությունն այս կռվում կարող է ավելի քան շոշափելի լինել ...

Комментариев нет:

Отправить комментарий