Տաթևը կարող է թև տալ մեր տուրիզմին |
Հերթական կարևոր իրադարձությունը մեր երկրում. հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում բացվեց «Տաթևի թևեր» անունը կրող աշխարհի ամենաերկար և ամենաբարձր ճոպանուղին: Սկզբում կասկածներ ունեի թե իրոք մեր նորաբաց ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում: Սկսեցի փնտրել և ի ուրախություն ինձ պարզեցի, որ չափազանցություն չկա: Մինչ Տաթևի ճոպանուղին աշխարհի ամենաբարձր և երկար ճոպանուղին համարվում էր Վիետնամում գտնվող ճոպանուղին:
Այսուհետ, սակայն, ևս մի "ամենա" գտնվում է Հայաստանում: Անգամ լսեցի, որ "Գինեսի Ռեկորդներ"-ից գալու են մեզ մոտ` ճոպանուղին իրենց հեղիանակավոր գրքում գրանցելու համար: Մի խոսքով ուրախանալու առիթ ունենք բոլորս:
Հսկայական այս ծրագիրը, բացի Տաթևի վերածննդին նպաստելուց, ակնհայտ տուրիստական նպատակներ է հետապնդում, ինչը ևս վատ չէ: Որպեսզի աշխարհի ամենաերկար ճոպանուղին ծառայի իր բուն նպատակին, անհրաժեշտ է իրականացնել արդյունավետ PR արշավ: Համաձայն որոշ տեղեկությունների` ՀՀ Կառավարությունը 65,5 մլն դրամ (մոտ 180 հազ. դոլար) գումար է հատկացնելու EuroNews հեռուստաալիքով ճոպանուղու բացման մասին տեսահոլովակի պատրաստման և հեռարձակման համար: Բացի այդ ևս 27,6 մլն դրամ (մոտ 75.000 հազ. դոլար) կտրամադրվի National Geographic Traveler ամսագրի հայկական հրատարակչությանը` "Ճամփորդություն առանց սահմանների" խորագրով գիտաժողովի կազմակերպման նպատակով:
Իհարկե ուրախալի է այն փաստը, որ ճոպանուղին գովազդվելու է EuroNews հեռուստաալիքով, սակայն պետք է գիտակցել, որ միայն գովազդի կամ գիտաժողովների միջոցով մաքսիմալ արդյունավետություն ապահովել չի հաջողվի: Վատ չէր լինի իհարկե, որ հստակ PR ծրագիր լիներ «Տաթևի թևեր»-ն ավելի լայն բացելու համար: Սակայն, որքանով ես եմ տեղյակ նման ծրագիր կամ չկա կամ էլ պահվում է "Հույժ Գաղտնի" թղթապանակում:
Այնուամենայնիվ նման իրադարձությունն իրոք արժանի է, որ գործի դրվեն մի շարք ինքնատիպ և էֆեկտիվ PR հնարքներ: Գոնե մեկ անգամ Փարիզ այցելած ցանկացած զբոսաշրջիկ տուն վերադառնալիս իր հետ տանում է փոքրի Էյֆելյան աշտարակ: 3000 դրամ արժողությամբ ճոպանուղու բոլոր ուղևորներին վերջում կարելի է նվիրել մոտ 300 դրամ ինքնարժեքով պատրաստված ճոպանուղի հուշանվեր-բրելոկներ: Ինքնատիպ հուշանվեր նվիրելու դեպքում կարելի է վստահ լինել, որ այն կտեսնեն մեր երկրից դուրս գտնվող շատ մարդիկ: Մնում է որ հուշանվեր-բրելոկի մի թաքուն անկյունում հակիրճ ինֆորմացիա լինի աշխարհի ամենաերկար ճոպանուղու և դրա գտնվելու վայրի մասին: Կարելի է նաև որևէ նոր խաղ-մրցույթ հորինել ճոպանուղու հետ կապված և փորձել այն միջազգայնացնել` ամենամյա մրցույթներ կազմակերպելով:
Տաթևի ճոպանուղու համար մեծ արձագանք կապահովենք, եթե օրինակ որևէ հայտնի աստղի առաջարկենք իր հերթական տեսահոլովակը նկարի 360մ բարձրության վրա: Իհարկե եթե համաձայնվելուց հետո մեզ անվճար PR անող աստղը ցանկություն հայտնի նաև իր ծնունդը նշել ճոպանողու վրա, ապա խելամիտ կլինի նրան չմերժել: Ավելին, եթե ամեն բան բարեհաջող անցնի, շատերը կձգտեն գալ Տաթև "Էքստրեմալ Ծնունդ" նշելու համար: Բավական էֆեկտիվ կարող է լինել նաև "Թոփ 10 աշխարհի ամենաերկար ճոպանուղիները" վերնագրով հանրամատչելի թեկուզ մեկ նյութը: Տարբեր լեզուներով թարգմանված նման նյութերը կարճ ժամանակում մեծ արագությամբ տարածվում են ինտերնետում և արժանանում հազարավոր ընթերցողների ուշադրությանը: Նման փիար քայլերը կարող են տարբեր լինել և ամենևին էլ պարտադիր չէ, որ դրանց իրագործման համար միլիոնավոր դոլարներ ծախսվեն:
Եվ չնայած այն ուրախալի հանգամանքին, որ այսուհետ աշխարհի ամենաերկար ճոպանուղին Հայսատանում է, պետք չէ չափից ավելի գայթակղվել միայն ճոպանողու PR-ով: Հուսալ, որ 21-րդ դարի զբոսաշրջիկներին կարելի է մեր երկիր բերել միայն բարձր, երկար և ժամանակակից ճոպանուղով 11 րոպե սլանալու համար, այնքան էլ իրատեսական չէ: Հարկավոր է հստակ ծրագրով և առավել մեծ հետևողականությամբ զբաղվել Տաթևի վանական համալիրի PR-ով: Հիմա ճիշտ ժամանկն է աշխարհին ներկայացնել մի հետաքրքիր ու խորհրդավոր ֆիլմ, ասենք, "Տաթևի գաղտնինքերը" վերնագրով:
Ի դեպ ժամանակին, երբ վիետնամցիք սեփական ճոպանուղին փիարելու կարիք ունեին, նրանք հնարավոր բոլոր միջոցներով լուրեր տարածեցին Բա Նա լեռան զարմանահրաշ հատկությունների մասին: Վիետնամացիք պնդում էին, որ միևնույն օրվա ընթացքում լեռան վրա գտնվելիս կարելի է տեսնել տարվա 4 եղանակները` գարունը, ամառը, աշունը և ձմեռը միաժամանակ:
Комментариев нет:
Отправить комментарий