четверг, 21 октября 2010 г.

ԲԱՆԱԿԻ PR-Ը ԿԱՂՈՒՄ Է ԿԱՄ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՆ ՊՆ PR-չիկները, ՈՐ ՉԵՆ ԱՆՈՒՄ


Բանակին պետք է պահել: Պահել, ոչ թե թաքցնել...

            Բռնություններ, խորշտանգումներ, սպանություններ, ինքնասպանություններ.
ահա այն հիմնական երևույթները, որոնք վերջին ամիսներին առավել շատ են ասոցացվում ՀՀ Զինված Ուժերի հետ: Այն, որ նման ցավալի երևույթներ մեր բանակում դեռ կան փաստ է և դրանց դեմ պայքարելու անհրաժեշտության մասին խոսելն անգամ ավելորդ է: Բայց սարսափելին միայն նմանօրինակ ողբերգությունները չեն, այլ նաև այն թե ինչ արձագանք են գտնում դրանք մեզանում:

            Մեծ մտավորական լինել պետք չէ` հասկանալու համար, որ այդ երևույթներին հետևում են այնպիսի արձագանքներ, որոնք մեղմ ասած ոչ այնքան ցանկալի հասարակական կարծիք են ձևավորում ՀՀ Զինված Ուժերի հանդեպ: Բացասական հասարակական կարծիքը սկսում է վտանգավոր դառնալ հայ ծնողի և ապագա հայ զինվորի բանակի նկատմամբ ունեցած դիրքորոշման համար: Իհարկե նման տխուր լուրերին մեծ ուրախությամբ արձագանքողներ ևս կան, օրինակ Youtube-ի իրական ուժին վաղուց ծանոթ մեր "մարտունակ հարևանները", սակայն դրա մեղավորը ևս մենք ենք:
            Այ հենց այստեղ էլ պարզ է դառնում, որ ՊՆ-ում որոշ կադրերի կամ պետք է "շտապ կադրային վիրահատության" ենթարկել կամ էլ գոնե նրանց սովորեցնել, որ նման դեպքերում պետք է գործի դնել ճգնաժամային PR-ի փրկարար գործիքները:
            Ուզում եմ վերջերս տեղ գտած բազմաթիվ անթույլատրելի PR սխալներից միայն մեկին անդրադառնալ: Մեկ երկու ամիս առաջ youtube-ում տարածված խայտառակ տեսանյութի վերաբերյալ ՀՀ  ՊՆ-ից հաղորդագրություն տարածվեց այն մասին, թե Պաշտպանության Նախարարը հայտարարել է, որ «նախարարությունը խստագույնս դատապարտում է ՀՀ զինված ուժերի վարկաբեկմանն ու հեղինակազրկմանն ուղղված նման կարգի նյութերի պատրաստումը և կանխամտածված տարածումը», իսկ հետո նաև նշվեց. «առգրավվել է բջջային հեռախոսը, որով տեսանկարահանվել են նշված գործողությունները: Կատարվում են տեսանկարահանող զինծառայողի, նրա հոր և եղբոր հարցաքննություններ»:
            Ինչպիսի հերոսություն: Միանգամից կարելի է ամբողջ մեղքը բարդել նկարահանողի վրա և հարցը փակել. "Թող չնկարահաներ և ոչ ոք դրա մասին չէր էլ իմանա: Նկարահանել ու տարածել է, ուրեմն պետք է պատժվի": Կարելի է կարծել, որ նման իրավիճակներում հասարակական ողջ զայրույթն ուղղված է նրա դեմ, ով տեսանկարահանել է այն ինչ կատարվել է ու ոչ թե նրանց դեմ, ովքեր իրենց անասունի պես են պահել: Ասել է թե` սեպտեմբերի 11-ի դեպքերի համար պետք էր մեղավոր ճանաչել նրան, ով նկարահանել էր ողբերգությունը, ոչ թե նրանց, ովքեր իրագործեցին այն:
            Ակնհայտ է, որ PR հապավման երկու տառերից գոնե մեկին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մարդ կվարվեր ճիշտ հակառակը: Այսինքն գոնե ազնիվ PR նպատակներից ելնելով պետք էր խրախուսել այդ խայտառակ միջադեպը նկարահանած և տարածած երիտասարդին ու ոչ թե ճնշումների ենթարկել նրան (ինչպես նշում են ԶԼՄ-ները): Այս դեպքում ՊՆ հայտարարությունը մոտավորապես հետևյալ բովանդակությունը պետք է կրեր. "Երիտասարդը, ով հաջողացրել է թաքուն նկարահանել տեղի ունեցողը շատ կարևոր գործ է արել: Նրա շնորհիվ մենք հիմա ավելի հստակ ենք գիտակցում այն արատավոր երևույթների մասին, որ երբեմն տեղ են գտնում մեր բանակում: Թող բոլոր նրանք, ովքեր չարաշահում են իրենց պաշտոնական դիրքը կամ փորձում են "կեղծ հեղինակությունների" դեր տանել մեր Զինված Ուժերում չմոռանան, որ նման արարքներն այս կամ այն կերպ բացահայտվելու են և խստագույն ձևով պատժվելու են":
            Իսկ ՊՆ-ից հայտնում են, որ նման նյութերի կանխամտածված տարածումը վարկաբեկում է մեր բանակին: Թերևս իրոք վարկաբեկում է, եթե PR մասնագետը չի կարողանում գործը գլուխ բերել, իսկ նման երևույթների դեմ պայքարելու ձգտումը որոշ սպաների մոտ ամենևին էլ առաջին տեղում չէ: Վատ չէր լինի, որ վերջին իրադարձություններին ի պատասխան ՊՆ-ից հայտարարեին նաև, որ այսուհետ զինվորները ստիպված չեն լինի բջջայիններով կասկածելի որակի նկարահանումներ անել, քանի որ ՊՆ-ն աստիճանաբար անցնում է տեսախցիկներով վերահսկման համակարգին:

Комментариев нет:

Отправить комментарий